Հաշմանդամություն ունեցող անձինք կաշխատեն ԱԻՆ համակարգում

Հաշմանդամություն ունեցող անձինք կաշխատեն ԱԻՆ համակարգում

PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում/ԱՌՆԱՊ/ ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որը զբաղվելու է նրանց ԱԻՆ համակարգում աշխատանքով ապահովելու խնդիրներով։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Հոկտեմբերի 15-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի է ունեցել ԱՌՆԱՊ «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը: Խմբի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններից:

Հանդիպման նպատակն էր քննարկել հավանական հաստիքների համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություններին, մասնագետներին ներկայացվող պահանջները, և այլ իրավական ու տեխնիկական խնդիրներ, որոնք հետագայում կարող են խոչընդոտ հանդիսանալ բնականոն աշխատանքներին:

Քանի որ առաջին աշխատատեղերը նախատեսվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման նորակառույց կենտրոնում, աշխատակիցների պարտականություները ներկայացրեց ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը:

«Բացի հիմնական պահանջներից, շատ կարևոր է նաև աշխատակիցների հոգեվիճակը և բարյացկամ հաղորդակցվելու ունակությունը, քանի որ կենտրոն ահազանգող քաղաքացիների մեծ մասը տվյալ պահին գտնվում են պատահարի վայրում, խուճապի, սթրեսի, վախի ու շփոթմունքի մթնոլորտում և օպերատորի ոչ արհեստավարժ և ոչ ճիշտ պահվածքը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - նշեց նա:

Չնայած նրան, որ փրկարար ծառայության աշխատակիցներին ներկայացվող աշխատանքային նվազագույն պահանջները բավական խիստ են` ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հավաստիացրեցին, որ ընդունող հանձնաժողովն անհատական մոտեցում կցուցաբերի:

Իրավաբանները նշում են, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և հստակեցնել հաշմանդամություն ունեցող աշխատողների կարգավիճակն ԱԻՆ համակարգում, քանի որ նրանք իրավաբանորեն չեն կարող բավարարել փրկարար և քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջները, ու հավանաբար կարիք կլինի ստեղծել քաղաքացիական աշխատողի հաստիքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու գործում իր աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց Զբաղվածության պետական ծառայության գործակալության ներկայացուցիչ Ցողիկ Բեժանյանը։ Նա մասնավորապես նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել թե' նյութապես, թե' կրթական ու վերապատրաստման հարցերում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել հաստիքների նկարագրությունն ու նվազագույն պահանջները, որոնք կքննարկվեն հոկտեմբերի 24-ին կայանալիք հանդիպմանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---