22 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Տարեսկզբից ադրբեջանական ԶՈւ շարքերը նոսրացել են 79 զոհվածների պատճառով, որից 61-ը՝ «ոչ մարտական պայմաններում»

Ադրբեջանի Ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, ընթացիկ տարում Ադրբեջանի կորուստները անվտանգության ու պաշտպանության ոլորտում կազմել են 79 մարդ:

Ինչպես հայտնում է SalamNews-ը կենտրոնի վրա հղումով, անցած ժամանակահատվածում 72 մարդ է վիրավորվել կամ վնասվածքներ ստացել, որից 14-ը «ոչ կանոնադրական միջադեպերի» պատճառով: «Մարտական պայմաններում զոհվել է 15 զինծառայող, 2-ը պայթել են ականի վրա, մեկը՝ գործողության ժամանակ, 61 մարդ զոհվել է ոչ մարտական պայմաններում»:

7 հոգի մահացել է դժբախտ պատահարների հետևանքով՝ թունավորում շմոլ գազից, մահ հոսանքից, բետոնի փլուզումից, խեղդամահություն և այլն, 12 հոգի զոհվել է ՃՏՊ արդյունքում, 1-ը՝ անհայտ պատճառով, 8-ը՝ անզգուշության, 9-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 9-ը՝ հիվանդություններից, 15 մարդ ինքնասպան է եղել: Զոհվածներից 71-ը ՊՆ զինծառայողներ են, 4-ը՝ սահմանապահ ծառայության, 3-ը՝ ներքին զորքերի, 1-ը՝ ազգային անվտանգության:

72 վիրավորվածներից կամ վնասվածք ստացածներից 14-ը տուժել են «ոչ կանոնադրական միջադեպերի» պատճառով, 13-ն իբր վիրավորել են հայկական կողմից արձակված փամփուշտներից, 6 մարդ պայթել է ականի վրա, 1-ը՝ հիվանդությունից, 7-ը՝ դժբախտ պատահարներից, 3-ը՝ օպերատիվ գործողություններից, 28-ը՝ ՃՏՊ-ներից:

Նրանցից 67-ը ՊՆ զինծառայողներ են, 4-ը՝ ազգային անվտանգության նախարարության, 1-ը՝ ԱԻՆ ակադեմիայի: