Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և միջազգային հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է №266 բանաձևը, որում խորին անհանգստություն և ափսոսանք է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:
Բանաձևում, որի հեղինակն է սենատոր Յարոմիր Շտետինան, նշվում է, որ կոմիտեն իր խորին անհանգստություն և ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որը ԵՄ անդամ-պետության կողմից մարդասպանության համար ցմահ ազատազրկման էր ենթարկվել: Բանաձևի հեղինակը կարծում է, որ Ադրբեջանի այս որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության ավելացմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտման, տարածաշրջանային անվտանգության սասանման, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել:
Չեխիայի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և միջազգային հարցերով կոմիտեն վերջինիս ներկայացուցչին` սենատոր Ժոզեֆ Ռեգեցին հանձնարարել է վերոհիշյալ բանաձևի մասին տեղյակ պահել Սենատի նախագահին: