Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում բացված միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում բացված միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց «Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները» խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների և Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով և ձևերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձևավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաև Հայաստանից «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետներ Նարբեհ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը:

Հայկական պատմական ճարտարապետական կոթողների հետ միասին ցուցադրված էին 1998թ. կառուցված Սուրբ Վարդանանց նահատակաց եղեղեցու (ճարտարապետներ` Ա.Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), 2001թ. կառուցված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք-խորանի (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան) և Սուրբ Խաչ մատուռի (ճարտարապետ` Սարգիս Սարդարյան-Ջուլհակյան) լուսանկարները, ինչպես նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագիր-մրցույթին մասնակցած ճարտարապետներ Էրիկ Օհանյանի, Արման Ալավերդյանի, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի ու Կարեն Բալայան-Ջուլհակյանի նախագծերը:

Ցուցահանդեսում հայկական ճարտարապետության պատմության բաժինը ներկայացված էր ուրարտական շրջանից մինչ մեր օրերը` ընդգծելով Հայաստանը որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաև նշելով բյուզանդական և իսլամական ճարտարապետության մեջ հայ ճարտարապետների ու արհեստավորների մշտապես թողած ուշագրավ հետքերի մասին:

ՀՀ դեսպանության վահանակի հետ միասին ցուցադրված էին հայկական տուֆ քարերի նմուշները և դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Լույսի մասնիկներ սև այգու շուրջ. կովկասյան եկեղեցին արևելքի և արևմուտքի խաչմերուկում» դանիերեն լեզվով գիրք-ալբոմը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---