Կարինե Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ՀՀ-ում հաշմանդամ կանանց պաշտպանությանն ուղղված աշխատանքը

Կարինե Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ՀՀ-ում հաշմանդամ կանանց պաշտպանությանն ուղղված աշխատանքը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ու վերացման թեմայով հանդիպում, որի նպատակն էր վերհանել բռնարարքների պատճառներն ու հետևանքները` քննարկելով ազգային ու միջազգային մակարդակներում ռազմավարություն և քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայություն:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության համահեղինակությամբ տեղի ունեցած այս հանդիպմանը մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական զարգացման հարցերով օգնականը, ՄԱԿ-ի կանանց հարցերով գործադիր տնօրենի տեղակալը, Գլխավոր քարտուղարի Կանանց հանդեպ բռնությունների հարցերով հատուկ զեկուցողը, կազմակերպության սոցիալական և տնտեսական հարցերի դեպարտամենտի, Սոցիալական քաղաքականության ու զարգացման ստորաբաժանման, անդամ երկրների ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում հույս հայտնեց, որ քննարկումները և առաջարկությունները կնպաստեն 2013թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Հաշմանդամության և զարգացման ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստմանը: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Կոպենհագենի սոցիալական զարգացման համաշխարհային համաժողովը սոցիալական ինտեգրումը բնորոշել է «հասարակություն բոլորի համար, ուր անհատն ունի իրավունքներ, պատասխանատվություն և ակտիվ դերակատարում»: Դեսպան Նազարյանը խոսեց նաև Հայաստանի սոցիալական քաղաքականության մարտահրավերների և առաջնայնությունների մասին, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն` ուղղված ազգաբնակչության խոցելի հատվածի հիմնախնդիրների լուծմանը և աղքատության հաղթահարմանը, որոնք բխում են դեռևս 2010թ. Հայաստանի կողմից վավերացրած ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին դաշնագրից:

Հանդիպման մասնակիցների թվում էր Կարինե Գրիգորյանը, ով 2007թ. Գյումրիում հիմնադրել էր հատուկ կարիքներ ունեցող կանանց «Ագաթ» կենտրոնը: Որպես հիմնական զեկուցողներից մեկը` նա ներկայացրեց Հայաստանում իր ղեկավարած հասարակական կազմակերպության գործունեությունը, խոսեց հաշմանդամ կանանց պաշտպանության և այդ ուղղությամբ կենտրոնի կողմից ձեռնարկած քայլերի մասին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---