«Բարքեմփ Գյումրի 2012»-ին շուրջ 200 մասնակցի ներկայություն է ակնկալվում

«Բարքեմփ Գյումրի 2012»-ին շուրջ 200 մասնակցի ներկայություն է ակնկալվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Գյումրիում առաջին անգամ կայանալիք ԲարՔեմփին շուրջ 200 մասնակցի ներկայություն է ակնկալվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարքեմփ Գյումրի 2012»-ի համակարգող Կարեն Տերտերյանը: Նրա խոսքով, առաջին «ԲարՔեմփ Գյումրին» մի հարկի տակ կհավաքի Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների:

Դրա հետ մեկտեղ Տերտերյանը նշեց, որ «ԲարՔեմփ Գյումրին» նպատակ ունի բարձրացնել Գյումրիում էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները, նպաստել մայրաքաղաքից ՏՏ ոլորտի ապակենտրոնացմանը դեպի հյուսիսային տարածաշրջան: «Մենք նախատեսում ենք նաև հրավիրել Հայաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների ու մասնագետների: «ԲարՔեմփ Գյումրիի» պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում: Իսկ 11:00-17:00 տեղի կունենան մասնակիցների ներկայացումները «ԿԱԶԱ»Գյումրի կենտրոնում»,- նշեց նա` հավելելով, որ բացի ներկայացումներից, կազմակերպվելու են քննարկումներ և նորարարական գաղափարների տոնավաճառ:

Միջոցառման գործընկերներն են «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA): Միջոցառմանը աջակցում է նաև «Բարքեմփ Երևանի» կազմակերպչական թիմը:

Օն-լայն գրանցումը «Բարքեմփ Գյումրի 2012»-ին կհայտարարվի առաջիկա օրերին:

«ԲարՔեմփը» (BarCamp) միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում` Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009 թվականից։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---