Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է մտնի Doing Business վարկանիշի երկրների լավագույն 20-յակի մեջ

Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է մտնի Doing Business վարկանիշի երկրների լավագույն 20-յակի մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին նոր ծրագիր մշակել` Համաշխարհային բանկի 2013թ. Doing Business զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավելու համար: Միաժամանակ նա նշել է, որ երկրում իրագործվող բարեփոխումներն արդյունք կտան 1-2 տարի անց, ինչն էլ իր արտացոլումը կգտնի ՀԲ զեկույցում: «Էկոնոմիկայի նախարարության զեկույցի համաձայն, շատ բարեփոխումներ դեռ չեն արտացոլվել ՀԲ վարկանիշում, ուստի մենք ակնկալում ենք, որ հաջորդ վարկանիշում մենք նույնպես առաջընթաց կունենանք:

Այսօր մենք մտնում ենք լավագույն երկրների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար պետք է նպատակ լինի մտնել լավագույն երկրների 20-յակի մեջ, եթե ոչ տասնյակի մեջ»,- ասել է նա և հավելել, որ դրա համար անհրաժեշտ է աշխատել այնպիսի ոլորտների վրա, որտեղ Հայաստանը թերություններ ունի:

Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը հանձնարարել է էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարություններին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել միջոցառումների նոր ծրագիրը Doing Business-ի վերաբերյալ:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում հավելել է, որ վերջին տարիներին երկրում լուրջ աշխատանք է տարվում գործարարության և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Չնայած նրան, որ այս տարի մենք արձանագրել ենք ցուցանիշի աննախադեպ աճ, որը չի գրանցել ոչ մի երկիր, մենք չպետք է կանգ առնենք ձեռք բերվածի վրա»,- ասել է նա:

Նախարարը նաև կարևորել է այն, որ Հայաստանը վարկանիշում գտնվում է այնպիսի եվրոպական երկրների կողքին, ինչպիսիք են Նիդերլանդները և Բելգիան, իսկ ահա ԱՊՀ երկրների շարքում ապահովել է աճի լավագույն տեմպերը: Ավելին, նրա խոսքով, տարածաշրջանում միայն Հայաստանը և Վրաստանը վերջին երկու տարվա ընթացքում աճ են ապահովում ՀԲ վարկանիշում:

Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքը ՀԲ և ՄՖԿ Doing Business – 2013 վարկանիշում՝ 50-րդ տեղից բարձրանալով 32-րդ տեղը:

Ցուցակը գլխավորում է Սինգապուրը: Լավագույն 10-ում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Կորեան, Վրաստանն ու Ավստրալիան: Հետխորհրդային երկրներից առաջատար դիրքում է Վրաստասնը՝ 9-րդ տեղ, հաջորդում են. Էստոնիան՝ 21-րդ տեղ, Լատվիան՝ 25, Լիտվան՝ 27, Հայաստանը՝32, Ղազախստանը՝ 49, Բելառուսը՝ 58, Ադրբեջանմը՝ 67, Ղրղզստանը՝ 70, Մոլդովան՝ 83, Ռուսաստանը՝ 112, Ուկրաինան՝ 137, Տաջիկստանը՝ 141, Ուզբեկստանը՝ 154:

Հայաստանը բարելավել է դիրքերը մի շարք ցուցանիշներով՝ շինարարության թույլտվություն՝ 46 տեղ, միացում էլեկտրամատակարարման համակարգին՝ 101, ներդրողների պաշտպանություն՝ 25, հարկադրում՝ 108: Իսկ դիրքի վատթարացում է գրանցվել ձեռնարկությունների գրանցման, վարկավորման, միջազգային առևտրի կատեգորիաներում:

Դավթյանը նաև նշել է, որ նախարարությունը մտադիր է հետևողական քայլեր իրագործել հաջորդ տարվա համար միջոցառումների ծրագիր մշակելու ուղղությամբ, որպեսզի մտնի Doing Business-ի լավագույն երկրների քսանյակի մեջ, դա թույլ կտա Հայաստանին բարձրացնել իր վարկանիշը և ներգրավել նոր ներդրումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---