Շուրջ 300 մաքսային ծառայողներ կատարելագործել են մասնագիտական հմտությունները

Շուրջ 300 մաքսային ծառայողներ կատարելագործել են մասնագիտական հմտությունները

PanARMENIAN.Net - Շուրջ 300 մաքսային ծառայողներ արդեն կատարելագործել են մասնագիտական հմտությունները ՊԵԿ ուսումնական կենտրոնում: Հուլիսի 24-ից գործող կենտրոնի մաքսային մասնաճյուղում համակարգի աշխատակիցների համար հատուկ դասընթացներ են անցկացնում ինչպես ՊԵԿ վերադաս մարմնի, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետները: ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետները երկարատև համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման և մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները: Իսկ վերջերս Անգլիայից և Դանիայից հրավիրված հյուրերը եռօրյա սեմինար են անցկացրել` մտավոր սեփականության վերաբերյալ:

Ուսումնական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մաքսային ծառայողները ստանում են տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքում: Քանի որ մաքսակետերի աշխատակիցներն առնչվում են օտարերկրացիների հետ ևս, ուսումնական կենտրոնում դասավանդում են նաև մասնագիտական տերմինաբանությամբ անգլերեն և ռուսերեն: Նոյեմբերից կենտրոնում մեկնարկելու է կրթական ևս մեկ նախագիծ, որը նպաստելու է Հայաստանում հարկային միջնորդի ինստիտուտի զարգացմանը: Իսկ մոտ ապագայում հատուկ սարքավորումներով զինված սրահներում մասնակիցները կկարողանան գործնականում դիտարկել բոլոր այն իրավիճակները, որոնցում հայտնվում են մաքսակետերի ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքում, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---