Հայաստանը կմասնակցի սննդի ոլորտի «WORLD FOOD UKRAINE 2012» ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի սննդի ոլորտի «WORLD FOOD UKRAINE 2012» ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը կայանալիք «WORLD FOOD UKRAINE 2012» սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսին: Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը իրականացնում են Կիևում կայանալիք ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները:

«WORLD FOOD UKRAINE 2012» ցուցահանդեսը համարվում է ամենամեծ մասնագիտացված ցուցահանդեսը սննդի ոլորտում: Այն ներառում է սննդի և խմիչքի մատակարարների լայն ցանց, որոնք ցուցադրում են իրենց արտադրանքը: Միջոցառումը կարևոր հարթակ է սննդի արդյունաբերության համար, որը հնարավորություն կտա միջազգային մատակարարներին, գնորդներին, արտադրողներին, բաշխիչներին, մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպություններին հանդիպել միմյանց և գործարար կապեր հաստատել:

Ավելի քան 200 ներկայացուցիչներ 20 երկրներից կմասնակցեն ցուցահանդեսին:

Վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը և հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը: Միասնական հայկական տաղավարում կներկայացվեն պահածոներ, հյութեր, չիր, կոնյակ, գինի` մրգային և խաղողի, աղբյուրի ջուր, ձուկ և ձկնամթերք արտադրող տեղական ընկերություններ, մասնավորապես` «Երևանի Կոնյակի գործարան» ՓԲԸ, «Էդվագ Գրուպ», ՍՊԸ իր «365 գինիներ» ապրանքանիշով, «Մարան» ՍՊԸ, «Սիս Նատուրալ» ՍՊԸ, «Լևոն» ՍՊԸ, «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ, «Վի Վի Փի Քոնսալտինգ» ՍՊԸ իր «Հայկական» ապրանքանիշով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---