«ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը մեկնարկել է

«ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը մեկնարկել է

PanARMENIAN.Net - «ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը մեկնարկեց այսօր: Մրցույթն ու «ArmNet 2012» միջոցառումների շարքը կազմակերպում և իրականացնում են Maeutica բրենդինգային գործակալությունը, Orange Արմենիան և ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները: Այս տարի նախագծի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում` «ArmNet մրցանակաբաշխություն 2012» հայկական ինտերնետ-կայքերի մրցույթ, «ArmNet 2012 կոնֆերանս» վեբ տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս և «ArmNet 2012 մարզային դասընթաց» Վանաձորում կայանալիք մասնագիտական քննարկումներ:

«Այս տարի ArmNet-ը ընդլայնում է իր սահմանները: Նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել մասնագիտական քննարկումներ նաև Հայաստանի մարզերում: Վստահ ենք, որ այս տարի նույնպես ArmNet-ին կհաջողվի մեկ հարկի տակ համախմբել ոլորտի լավագույն մասնագետներին և վերստեղծել հետաքրքիր և դինամիկ մթնոլորտ, որ կար նախորդ երկու տարիներին»,- ասաց Maeutica գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը` հավելելով, որ «ArmNet մրցանակաբաշխություն 2012»-ին 8 անվանակարգերին միացել է ևս մեկը` «Հասարակական ազդեցություն»` հաշվի առնելով այսօր համացանցի և զանազան կայքերի մեծ ազդեցությունը հասարակական կյանքի վրա:

«Որպես շարժական գերարագ ինտերնետի մատակարար և շուկայի առաջատար` մենք որոշակի պատասխանատվություն ենք կրում հայկական ինտերնետ միջավայրի կատարելագործման համար: Այդ պատճառով է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ աջակցում ենք ArmNet-ին, որը վեբով և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներով հետաքրքրվողների օրացույցներում կարևորագույն իրադարձություն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դեկտեմբերի սկզբին Երևանը կդառնա հայկական վեբի կենտրոնը, որտեղ կխաչվեն գաղափարներն ու փորձառությունները, և որտեղ կորոշվեն լավագույն հայկական կայքերը: Մեր ավանդական գործընկերների` Maeutica-ի և ISOC-ի հետ մենք երջանիկ ենք հայտարարել երրորդ ArmNet-ի մեկնարկը»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«1997թ. ի վեր Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն կառավարում է ինտերնետի հայաստանյան դոմենը և իրականացնում տարբեր ծրագրեր ոլորտը զարգացնելու համար: Մեզ համար այսօր մեծ հետաքրքրություն է մասնակցել և աջակցել վեբ կայքերից լավագույնների գնահատմանը: Իսկ ArmNet կոնֆերանսում տեղական և միջազգային տարբեր փորձագետների հետ մի ամբողջ օրը թույլ կտա ոչ միայն փոխանակել առկա փորձը, այլ նաև համատեղ նոր գաղափարներ ստեղծել: Այսպիսի նախագծերը կարևորագույն դեր են խաղում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման և առաջխաղացման գործում»,- իր հերթին նշեց ISOC AM-ի նախագահ Իգոր Մկրտումյանը:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին: Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS-քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դետկտեմբերի 8-ին` մրցանակաբաշխության ժամանակ:

«ArmNet 2012»-ը նաև կներառի ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս և մարզային մասնագիտական քննարկումներ, որոնք տեղի կունենան համապատասխանաբար դեկտեմբերի 8-ին Երևանում և նոյեմբերի 23-ին Վանաձորում:

Կոնֆերանսին և քննարկումներին կմասնակցեն հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Երևանյան կոնֆերանսի խորագիրն է «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ», Վանաձորում` «Սոցիալական ցանցերը` որպես բրենդի առաջխաղացման գործիք»:

Կոնֆերանսի շրջանակում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովը, Rutube-ի նախկին ղեկավար Միխաիր Իլյիչովը, Sen.se ընկերության հիմնադիր Ռաֆի Հալաջյանը և այլք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---