31 հոկտեմբերի 2012 - 13:51 AMT
Սպառողական գները Հայաստանում հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ աճել են 3,4 տոկոսով

2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների 3,4 տոկոս հավելաճ է գրանցվել: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, պարենային ապրանքների գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 5,7 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 2,3 տոկոս:

2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.0%, ոչ պարենային ապրանքներինը`104.4%, ծառայությունների սակագներինը`102.1%, իսկ հունվար-հոկտեմբերին 2011թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.0, 104.4 և 102.1%:

2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.2%:

Գուրգեն Մարտիրոսյանը նաև հավելել է, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.4-2.0% հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով: