Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԱԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:
Դեսպանի խնդրանքով ԱԱԽ քարտուղարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է հետայսու ևս շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ` չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունականան ռազմատենչ հայտարարություններին և հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ և բացահայտ գործարքին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի` Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և Ավստրիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև գործընկերային կապեր հաստատելու մասին: ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի Հանրապետություն այցելելու հրավերի համար և հույս հայտնել, որ այցի ընթացքում գործնական կապեր կհաստատվեն երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև:
Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: