31 հոկտեմբերի 2012 - 16:36 AMT
Չեխիայի Սենատի նախագահ. Ալիևի քայլը Սաֆարովի հարցում միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը Սաֆարովի գործարքի վերաբերյալ և Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձևը: Այս մասին նա հայտնել է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպման ժամանակ: «Կարևորելով մեր գործընկերների կողմից արդարացի և առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Չեխիայի Սենատի նախագահն անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը և դատապարտելով այն` նշել է, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետևանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր: «Անթույլատրելի է, որ մարդասպանը ազատ է արձակվում և հերոսի կոչում է ստանում»,- նկատել է Չեխիայի Սենատի նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ ևս: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մինչև 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որևէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի և Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը»,- հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը: