ՀՀ Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին և հայտարարել, որ գործող նախագահը մրցունակ այլընտրանք չունի:
Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանը, որում ասված է. «Նրա այդ ցանկությունն ինքնին մատնում է, որ այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ցանկացած պետություն և իշխանություն պիտի ունենա այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով:
Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին (անգամ` աշակերտներին և ուսանողներին), մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության և այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա»:
Ըստ Րաֆֆի Հովհաննսիյանի՝ ազատ և արդար ընտրության դեպքում իրականությունն այլ կլինի. Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա և´ նոր նախագահ, և´ արժանապատիվ քաղաքացի, և´ ամուր պետություն ու շենշող ապագա:
«Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է: Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է և նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել: Ուրիշ տեղ չնայենք»,- ասված է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 24-ին նամակ էր ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Րաֆֆի Հովհաննիսյանը Նախագահին 15 քայլ էր առաջարկել անել, որոնք, ըստ Ժառանգություն» կուսակցության առաջնորդի, անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու՝ Նախագահի հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար: