Ադրբեջանն ուղղակի ծաղրում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին և ողջ համաշխարհային հանրությանը

Ադրբեջանն ուղղակի ծաղրում է  ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին և ողջ համաշխարհային  հանրությանը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «ավելի ակտիվ լինել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: Նրա խոսքով, «այս հարցում պետք է ակտիվ լինի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև ՄԱԿ Անվտանգության խորհուրդը»: «Որոշ դեպքերում ՄԱԿ ԱԽ-ը մի քանի ժամվա ընթացքում իրագործում է իր բանաձևերը, բայց, ցավոք սրտի, կազմակերպությունն արդեն 20 տարի չափազանց անտարբեր է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունած իր բանաձևերի նկատմամբ:

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ավելի ակտիվ լինել այս հարցում»,- ասել է Ասլանովը:

Ադրբեջանական կողմի նման հայտարարությունները մեկնաբանելն ուղղակի ծիծաղելի է: Բավական է հիշել, որ Բաքուն անտեսում է նույնիսկ Մինսկի խմբի բոլոր կոչերը և առաջարկները, ինչպես, օրինակ, հետևել հրադադարի ռեժիմին, դիպուկահարներին հեռացնել առաջնային գծից, մեխանիզմներ մշակել միջադեպերի հետաքննության համար: Բաքուն ձախողում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, մշտապես սպառնում պատերազմով Հայաստանին և Ղարաբաղին, անհամար քանակությամբ գնում և արտադրում սպառազինություն: Ադրբեջանին ավելորդ չէ հիշեցնել, որ ՄԱԿ բանաձևերը կրում են երաշխավորական բնույթ:

Ուրեմն ինչ է ստացվում: Ստավում է, որ Ադրբեջանն ուղղակի ծաղրում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին և ողջ համաշխարհային հանրությանը: Ընդ որում ծաղրում է անպատիժ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---