2 նոյեմբերի 2012 - 12:48 AMT
Հայաստանը ԱԷԿ-ում անցկացված սթրես-թեստերի արդյունքները ԵՄ-ին կներկայացնի 2013թ. մայիսին

Հայաստանը, չսպասելով ԵՄ խոստացած օժանդակությանը, սկսել է սթրես-թեստերի անցկացումը հայկական ԱԷԿ-ում: Ինչպես պարզաբանել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, նման որոշում է կայացվել այն պատճառով, որ ԵՄ-ն ուշացրեց համապատասխան միջոցառումները: «Արդեն կան սթրես-թեստերի նախնական արդյունքները, մենք սպասում ենք փաստաթղթի քննարկմանը ԵՄ փորձագետների կողմից: Առաջին արդյունքները կներկայացվեն կոմիտեին փետրվար-մարտին, որից հետո մինչև մայիս դրանք պաշտոնապես կուղարկվեն ԵՄ քննարկմանը»,-ասել է նա:

Փորձագետը հավելել է, որ Հայաստանը, ինչպես մյուս երկրները «Ֆուկուսիմայի» աղետից հետո, պատրաստվում է վերանայել անվտանգության ապահովման տեխնիկական մոտեցումները, որոնք հաշվի կառնվեն նոր էներգաբլոկի շինարարության ժամանակ և գործող կայանի անվտանգության ապահովման համար: Մարտիրոսյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացվի ատոմակայանների անվտանգության ապահովման նոր նորմատիվային տեխնիկական բազան: