Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար կտրամադրվի 60 միլիոն դրամ

Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար կտրամադրվի 60 միլիոն դրամ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն օրակարգի` խորհուրդը հաստատել է հիմնադրամի նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև 2013 թ. բյուջեն: Նշվել է, որ հաջորդ տարի ավելանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց համար։

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության հետ համատեղ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի (60 միլիոն դրամ) շարունակական իրականացումը. «Խոսքն այն մասին է, որ ուսանողները, սահմանված օբյեկտիվ չափանիշներով, իրենց շարքերից ընտրում են ֆինանսական աջակցության կարիք ունեցողներին, և հիմնադրամն օգնում է նրանց` վճարել ուսման վարձը: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ ընթացքը` առաջարկվում է 2013 թ. բյուջեով ևս ֆինանսական միջոցներ նախատեսել սոցիալապես անապահով կամ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին աջակցելու համար: Կառավարությունը նույնպես օժանդակում է այս ծրագրին` պետական բյուջեից հատկացնելով գումարի մի մասը:

Երկրորդ կարևոր ուղղությունը երիտասարդների համար իրականացվող ծրագրերն են, որովհետև մշտապես հարց է հնչում. ինչպե՞ս կարող են երիտասարդական կազմակերպությունները դիմել հիմնադրամին, դառնալ շահառու և մասնակցել դրանց: Երրորդ` այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ: Հասարակական և երիտասարդական կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ ազատ մրցակցային պայմաններում կարող են դառնալ շահառու և մասնակցել ծրագրերի իրականացմանը»: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմանում աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայ ուսանողներին:

Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն են արժանացել հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, ինչպես նաև կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման կարգերը: «Մենք հաստատում ենք ձեր գործունեությանը վերաբերող կարգեր, որպեսզի այն լինի հրապարակային և վերահսկելի»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---