ՄԱԿ-ի ՊԳԿ-ն հայ մասնագետների համար վերապատրաստման դասընթաց էր կազմակերպել Չինաստանում

PanARMENIAN.Net - «Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության ծրագիրը», ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների վերահսկողության ինստիտուտի հետ համատեղ», 20-օրյա ուսումնական այց էր կազմակերպել ՀՀ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցների համար: Այս նախաձեռնությունը հանդիսանում էր սկիզբ` Հայաստանում ՊԳԿ գրասենյակի կողմից իրականացվող մասնագիտացված լաբորատոր ուսումնական դասընթացների հաջորդ փուլի մեկնարկին ընդառաջ:

2008թ.-ին Աթենքի Գյուղատնտեսական համալսարանը ՊՈԱԿ-ի թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգային լաբորատորիային է տրամադրել մի շարք անալիտիկ սարքավորումներ: Կենտրոնական լաբորատորիայի կապիտալ վերանորոգումից հետո ՊԳԿ ծրագրի շրջանակներում տեղադրվել են վերոնշյալ սարքավորումները, և ՊՈԱԿ-ի աշխատակազմը համալրվել է քիմիկոս-վերլուծաբաններով:

Տեղական պայմաններում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա ստեղծելը դյուրին նախաձեռնություն չէ: Այն ոչ միայն պահանջում է համապատասխան լաբորատոր տարածք և թանկարժեք սարքավորումների ներդրում, այլև բարձր որակավորում ունեցող անձնակազմ: Լաբորատորիայի շահագործման համար անհրաժեշտ մասնագետների առկայությունը ՊԳԿ ծրագրին հնարավորություն ընձեռեց սկսել մասնագիտացված վերապատրաստման դասընթացները: Չինաստանում անցկացված դասընթացն այդ ծրագրի չորրորդ փուլն էր: Նախորդ փուլերի ընթացքում շեշտը դրվել էր արդի վերլուծական մեթողների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների, մասնավորապես՟ թունաքիմիկատների մնացորդային քանակների փորձաքննության բավական բարդ սարքավորումների, ինչպիսին է օրինակ գազային քրոմատոգրաֆը, կիրառման վրա: Ուսումնական այցի մասնակիցներից մեկը՟ Հեղինե Ղարիբյանը, նշում է. «Ուսումնական դասընթացը շատ արդյունավետ էր, այն մեծ նշանակություն կունենա մեր լաբորատորիայի համար: Համոզված եմ, որ նման ուսումնական դասընթացները հզոր խթան կհանդիսանան մասնագետների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման և նրանց աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացման համար»:

Այցի մեկ այլ մասնակից, ՊՈԱԿ-ի «Պատշաճ լաբորատոր գործունեության մենեջեր» Աշոտ Դանիելյանն ասում է. «Ուսումնական այցը մեզ չինացի գործընկերների հետ գիտելիքներ և հմտություններ փոխանակելու և բարելավված գիտելիքներն ու փորձառությունը Հայաստան բերելու հնարավորություն ընձեռեց»:

Մասնակիցների համար ուսումնական այցի նպատակները հետևյալն էին. Անձամբ ծանոթանալ թունաքիմիկատների մնացորդային քանակների ուսումնասիրությամբ զբաղվող բարձրակարգ վերլուծական լաբորատորիայի աշխատանքին, աշխատանքի ընթացքում վերապատրաստում անցնել լիովին գործող և միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայում, ինչպես նաև խորացնել իրենց տեսական և գործնական հմտությունները թունաքիմիկատների մնացորդային քանակների ճշգրիտ և արդյունավետ վերլուծության գործում:

Ուսումնական այցից հետո ՊԳԿ-ն շարունակում է վերապատրաստումներ անցկացնել լաբորատորիաների աշխատակիցների համար և զարգացնել սննդամթերքում առկա թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերմանն ու վերլուծությանն առնչվող նրանց կարողությունները:

ՄԱԿ-ի ՊԳԿ «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության ծրագիրը» ֆինանսավորվում է Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից և իրականացվում ՊԳԿ Հայաստանյան գրասենյակի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից: Ծրագրի նպատակներից է աջակցել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ սննդամթերքի և կերերի մեջ թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգի ծրագրեր իրականացնելու նպատակով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---