Այսօր առավոտյան ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Աթան, Լոռուտ, Դսեղ գյուղերի անտառտնտեսություններում ապօրինի ծառահատումների մասին:
Նկարահանումներ են արվել Աթան գյուղին հարող անտառներում: «Շողեր միություն» ՀԿ անդամ Հասմիկ Ասլանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծառահատումների մասին տեղեկացրել են «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի» տնօրենին: Նա նաև տեղեկացրեց, որ ծառահատումների մասին ահազանգել են գյուղի բնակիչները և նկարահանումներն էլ նրանք են կատարել:
Հատումների մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել Աթանի գյուղապետ Շալիկո Պարանյանց, ով պարզվեց՝ տեղեկություն չունի: Գյուղապետն ասաց, որ չգիտի որտեղ է ծառահատումը և իրեն որևէ բան չեն ասել:
ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ ծառահատումների մասին ահազանգն ստացել են կեսօրին: Կազմվել են համապատասխան փաստաթղթերը և ահազանգը փոխանցվել է մարզային բնապահպանական տեսչությանը: Ըստ նախարարության մամուլի ծառայության աշխատակիցների՝ տեսչության աշխատակիցները գնացել են ահազանգի հետքերով: Մասնագետներ եզրակացությունից հետո կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: