Հուշարձանների տեղեկատվական վահանակների բովանդակությունը կվերանայվի

Հուշարձանների տեղեկատվական վահանակների բովանդակությունը կվերանայվի

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով և տպագիր մամուլում հաճախակի շրջանառվում է Հայաստանի հուշարձանների տարածքում «AMAP» կազմակերպության տեղադրած տեղեկատվական բազմալեզու վահանակների թեման, մասնավորապես նշվում են վահանակների տեքստերում առկա խեղաթյուրված փաստերը։

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մշակույթի ոլորտի մի շարք պատասխանատուների մասնակցությամբ հարցը քննարկվել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունում։ Մշակույթի նախարարը խնդրի համակողմանի ուսումնասիրության վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարական և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմել է փորձագիտական եզրակացություն՝ «AMAP»-ի կողմից 2008-2009 թթ. հուշարձանների տարածքում տեղադրված վահանակների վերաբերյալ։ Դրանցից 172-ի ուսումնասիրության արդյունքում մատնանշվել են առկա անճշտությունները, որից հետո 33 վահանակ ապամոնտաժվել է: Մասնավորապես` «Քաղաքատեղի Դվին», «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Հաղպատ վանական համալիր, Նորավանքի կիրճ, Սելիմի քարավանատուն, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան, Թանահատի վանք վանական համալիր, Սմբատաբերդի ամրոց հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակները։ Որոշ վահանակներ արդեն մաշված են և պետք է վերականգնվեն: Վահանակների տեքստերը ուղարկվել են գիտական ուսումնասիրության՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, որն էլ ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել տեքստերի լրամշակված տարբերակը: «AMAP»-ը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում տեքստերը սահմանված կարգով կփոփոխվեն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---