Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՄԲ»

PanARMENIAN.Net - Նախօրեին հայտնի են դարձել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման որոշ մանրամասներ, տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը: Քննարկման հիմնական թեմաներն են եղել զինադադարի ռեժիմի խախտման, երեք ադրբեջանցի ռազմագերիների ազատման եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման հստակ մանրամասներ: Սակայն վերջին հարցով Է.Մամեդյարովը լրագրողների հետաքրքրասիրությունը չի բավարարել: Նրա կարծիքով` հասարակայնության առաջ այդ մանրամասների բացումը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը: Բանակցությունների ավարտին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ «քննարկումները հանգեցրել են որոշակի զարգացման, սակայն կողմերի միջեւ դեռեւս պահպանվում են տարաձայնություններ»: Մի շարք խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել է Մամեդյարովը, կողմերի դիրքորոշումները մոտեցել են, սակայն կան պահեր, երբ բանակցություններն ընթանում են մեծ դժվարությամբ: «Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտման խնդիրը: Ադրբեջանական կողմը կրկին բարձրացրել է հայկական գերեվարության մեջ գտնվող երեք զինվորների շուտափույթ ազատ արձակման հարցը»,- ավելացրել է նա: Հրաժարվելով հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հստակ մանրամասները` Մամեդյարովը հայտարարել է. «Մեր տարածաշրջանում կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված չեն հարցի խաղաղ լուծմամբ, եւ նրանք ընդունակ են օգտվել այդ տվյալներից` իրավիճակի վատթարացման համար: Այդ պատճառով ես չեմ ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ»: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ նա գոհ է հանդիպումից, ասելով , որ «սա մեկ գործընթացի փուլ է, եւ այն առաջ է շարժվում»: Հետքրքիր է, որ նախարարը ոչինչ չի տեղեկացրել այն մասին, թե քննարկե՞լ է նա միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման տեղը եւ ժամանակը: Ֆրանկֆուրտյան բանակցություններից հետո Մամեդյարովը մեկնել է Չիլի, որտեղ մայրաքաղաք Սանտյագոյում մասնակցելու է Ամերիկյան պետությունների կազմակերպության միջազգային խորհրդաժողովին` նվիրված ժողովրդավարության զարգացմանը: Ակնկալվում է, որ այնտեղ ԱԳՆ ղեկավարը Լեռնային Ղարաբաղի շուրջ զեկույց է կարդալու: Հետաքրքիր է նաեւ, որ Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս մի քանի ժամ խորհրդակցել են միմյանց հետ: Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ում «Էխո» թերթին հայտնել են, որ համանախագահ Յուրի Մերզլյակովը Մոսկվա դեռ չի վերադարձել: «Նա կվերադառնա մայիսի 3-ին»: Այսպիսով, չի կարելի բացառել, որ մինչեւ այդ օրը Եվրոպայում կկայանա միջնորդների հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---