Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն են հանձնվել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը

Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն են հանձնվել  պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները:

Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռևս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, և, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:

Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության և ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաև, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը և դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը տարածաշրջանում:

Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաև տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---