7 նոյեմբերի 2012 - 12:46 AMT
Հայաստանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպական ազգերի գավաթում կներկայանա երիտասարդական կազմով

Նոյեմբերի 9-11-ը Մոսկվայում կանցնի ազատ, հունահռոմեական ու կանանց ըմբշամարտի Եվրոպական ազգերի գավաթի մրցաշարը: Հայաստանի հավաքականը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարին: Մրցաշարին կմասնակցեն երիտասարդ ըմբիշներ, որոնք Մոսկվա կմեկնեն նոյեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչը, Մոսկվայում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (55կգ ք/կ), Ավիկ Գրիգորյանը (60կգ ք/կ), Գևորգ Սահակյանը (66կգ ք/կ), Կարապետ Չալյանը(74կգ ք/կ), Վաղարշակ Մինասյանը (84կգ ք/կ), Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ):

«Մենք որոշեցինք, որ հանդես կգանք երիտասարդական կազմով, քանի որ նոյեմբերի 23-25 տեղի կունենա Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Դա շատ կարևոր մրցաշար է, քանի որ ձևավորվում է Հայաստանի հավաքականը, որը 2013թ. հանդես է գալու միջազգային մրցաշարերում: Ալեքսանյանին ազատել են առաջնությանը մասնակցելու անհրաժեշտությունից, ուստի նա կմեկնի Մոսկվա: Հավաքականում ընդգրկվել են այն ըմբիշները, որոնց հետ մենք հույսեր են կապում հաջորդ Օլիմպիական շրջանում»,-ասել է մարզիչը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպական ազգերի գավաթի մրցաշարին կմասնակցեն նաև Ռուսաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան ու Ուկրաինան: