7 նոյեմբերի 2012 - 14:17 AMT
Քաղաքագետ. Էդվարդ Նալբանդյանը հավատում է «Ճ» կլասի չինովնիկների ասածներին

«ԱՄՆ նախագահի` Ցեղասպանության ճանաչել-չճանաչելը կախված է Հայաստանի կշռից: Այս պահին այն այնքան փոքր է, որ նախագահի թեկնածուները վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ նույնիսկ իրենց նախընտրական օրակարգում այս խնդիրը չներառեցին», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով պատճառը ֆուտբոլային դիվանագիտությունն էր. քանի դեռ այն չկար ԱՄՆ նախագահը ոչ մի պատճառ չուներ չճանաչելը հիմնավորելու համար:

«Իսկ հիմա Թուրքիան ասում է` մի խանգարեք մեզ ձեր ճանաչումներով, մենք փորձում ենք կարգավորել հարաբերությունները: Մենք ենք մեզ այդ թակարդի մեջ գցել», -ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե այդ քայլից հետո իրեն են զանգահարել և շնորհավորել բազմաթիվ գործիչներ նաև արտերկրից, քաղաքագետն ասաց.

««Վերակառուցման» քաղաքականությունը սկսելիս Գորբաչովին էլ էին բոլորը զանգում ու շնորհավորում: Փուչ պատկերացումները ունեցող «Ճ» լլասի չինովնիկները ասում են լավ քայլ էր, Էդվարդ Նալբանդյանն էլ հավատում է: Քաղքենի և գավառական մտածողության արդյունքում և Նալբանդյանի նման գործիչների պատճառով միջազգային հանրության աչքում Ցեղասպանությունն առևտրի էլեմենտ ենք դարձրել»:

Քաղաքագետի խոսքով՝ ֆուտբոլային քաղաքականությունը նաև Ղարաբաղի հարցում լծակներ տվեց Թուրքիային:

«Եթե մինչ այդ բանակցային գործընթացին Թուրքիայի միջամտությունը չեր ընդունվում` թշնամական երկիր համարվելու պատճառով, ապա հիմա, ստորագրված հայտարարությունները ցույց տալով, Թուրքիան երկրորդ ֆրոնտ է ստեղծել և ուժեղացնում է Ադրբեջանին», - ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով միակ լուծումը ստորագրությունը հետ վերցնելն է: