Շարմազանովը՝ Զոհրաբյանի առաջարկի մասին. Հիմա ավելի ակնառու կլինի դաշտի խաղացողների իրական դեմքը

Շարմազանովը՝ Զոհրաբյանի առաջարկի մասին. Հիմա ավելի ակնառու կլինի դաշտի խաղացողների իրական դեմքը

PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: ՀՀԿ խոսնակի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, ովքեր որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:

Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:

Հիշեցնենք՝ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, որ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: «Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման, և կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:

Այս ճանապարհին, մենք կարևորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»,- ասված էր ԲՀԿ խմբակցության քարտուղարի տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---