Տաշքենդի թանգարանում Պիկասոյի խեցեղենի հավաքածու են հայտնաբերել

Տաշքենդի թանգարանում Պիկասոյի խեցեղենի հավաքածու են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի արվեստի պետական թանգարանի աշխատակիցները Պաբլո Պիկասոյի խեցեղենի հավաքածու են հայտնաբերել արխիվում: Իսպանացի նշանավոր վարպետի երկար ժամանակ մոռացության մատնված խեցեղենն այժմ ցուցադրվում է Տաշքենդի թանգարանի ցուցասրահներից մեկում: Հավաքածուի մեջ մտնում են դեկորատիվ և դեսերտի ափսեներ և մի քանի գավաթներ, որոնց վրա պատկերված են Պիկասոյի սիրած մոտիվները` կով, կնոջ գլուխ և ցլի գլուխ:

Արվեստի փորձագետ Գյուլչերա Ախունովան, որն օգնեց կազմակերպել ցուցահանդեսը, նշել է, որ աշխատակիցները պատահական են հայտնաբերել աշխատանքները: «Մենք ռուսական հախճապակու նմուշներ էինք փնտրում արխիվում, որպեսզի համալրեինք թանգարանի Ռուսական ավանգարդի բաժնի ցուցադրությունը, երբ հանկարծակի աչքի զարնեցին Պիկասոյի կավե աշխատանքները»,- ասել է նա France Presse գործակալությանը:

Պիկասոյի խեցեղենն Ուզբեկստանում է հանգրվանել այն բանից հետո, երբ Խորհրդային Միությանն է նվիրաբերվել Պիկասոյի ընկերներից մեկի այրիի կողմից, որը համակրում էր սոցիալիստների հայացքներին: 12 կավե աշխատանքները Տաշքենդի թանգարան են ուղարկվել շուրջ 40 տարի առաջ: Համաձայն իրենց փաստաթղթերի, բոլոր աշխատանքները ստեղծվել են Մադուրա խեցեղենի արվեստանոցում` Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2013թ. հունվարի 10-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---