12 նոյեմբերի 2012 - 16:08 AMT
Թուրքագետ. ԱՄՆ-ն կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունները

Մերձավոր Արևելքը գտնվում է շատ արագ ընթացող փոփոխությունների փուլում և դրա ոչ ռիթմերը, ոչ էլ արդյունքները դեռ պարզ չեն: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի կիսում այն տեսակետը, թե ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո այս երկրի քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի փոխվելու: Նրա բնորոշմամբ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորված կլինի ոչ թե Օբամայի՝ որպես ԱՄՆ նախագահի մոտեցումներով, այլ հենց տարածաշրջանում սպասվող զարգացումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ փոխվելու է նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ղեկավարը: Նա հիշեցրեց, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր պաշտոնավարման ժամանակ երկու անգամ այցելեց տարածաշրջան, ինչը վկայում է, որ Օբամայի պաշտոնավարման առաջին փուլում մեր տարածաշրջանին մեծ կարևորություն էր տրված: «Օբամայի պաշտոնավարման այս փուլում չի կարելի սպասել, որ այդ ակտիվությունը կպահպանվի: ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում հիմանկանում կլինեն Սիրիան և Իրանը»,- ասաց թուրքագետը: Նա նաև նշեց, որ տարածաշրջանում Թուրքիայի դերը կտրուկ աճել է և Թուրքիան կօգտագործի դա հայկական հարցում ճնշում գործադրելու համար: Միևնույն ժամանակ, ըստ թուրքագետի, ԱՄՆ-ն կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունները, սա, սակայն, մեծապես կախված է այն բանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրի ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը: Ինչ վերաբերում է արցախյան գործընթացին, ապա թուրքագետի բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն հնարավոր է նոր նախաձեռնություններով հանդես գա: «Ոչ էական, բայց նոր նախաձեռնություններ կարող են լինել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում»,- կանխատեսեց Ռուբեն Սաֆրաստյանը: