19 նոյեմբերի 2012 - 15:24 AMT
Հասարակական կազմակերպությունները ՀՀԿ-ին կոչ են անում չբոյկոտել նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը

2013 թվականի նախագահական ընտրությունների շեմին քաղական ուժերն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ն, որում ասված է, որ Հայաստանում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով և ընտրակեղծարարության հնարամիտ մեխանիզմներով, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված մարմինների լեգիտիմությունը և առհասարակ ընտրության Սահմանադրական ինստիտուտի գոյությունը: «Իրավունքի գերակայություն»-ը հիշեցնում է, որ թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումը ժողովրդավարության և ժողովրդավարական պետության գոյության կարևորագույն գրավականն է:

«Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև երկրում տեղ գտնող ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայով, այնուամենայնիվ ընտրությունների և դրանց արդյունքում ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմների կիրառման հնարավորությունները թաքնված են նաև ՀՀ ընտրական օրենսգրքում: Դրանք են, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ուռճացված ընտրացուցակները, քվեարկության գործընթացներում տարաբնույթ կեղծարարությունը, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետ մեխանիզմները, որոնք «պաշտպանված» են ընտրական օրենսդրությամբ և, ուստի, կասկածի տակ կարող են դնել առկա պայմաններով անցկացվող ցանկացած ընտրությունների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Ելնելով նշվածից հասարակական կազմակերպությունները ողջունում են ՀՀ ընտրական օրենսգրքում և առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ են անում ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները: «Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չբոյկոտել սույն թվականի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը և մինչև գալիք նախագահական ընտրությունները հնարավոր դարձնել ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական փոքրամասնության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին համահունչ փոփոխությունների կատարումը, ինչի արդյունքում էապես կշտկվեն ընտրական օրենսդրության հիմնական թերությունները: Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ և ցուցաբերեն քաղաքական կամք` իրապես բարելավելու ՀՀ ընտրական օրենսգիրքը, կազմակերպելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` սկսած 2013 թ. փետրվարի նախագահական ընտրություններից»,- ասված է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: