19 նոյեմբերի 2012 - 15:43 AMT
Գույքահարկի և հողի հարկի հետագա պարտքերի կուտակումից խուսափելու համար դեռ ժամանակ կա

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման հետ կապված հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետին զեկուցվեցին օրենքի կիրարկման արդյունքները նոյեմբերի 1-ի դրությամբ: Օրենքով սահմանված արտոնություններով` քաղաքացիները, մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը վճարելով հողի հարկի և գույքահարկի մասով 2008թ. հունվարից մինչև 2011թ. հունվարն ունեցած պարտքի մայր գումարը, ազատվում են նշված ժամանակահատվածի համար հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Նշվեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի մասով արտոնություններից օգտվել է 48 759, գույքահարկի մասով արտոնություններից` 42 243 քաղաքացի, ընդհանուր առմամբ համայնքային բյուջեներ է մուտքագրվել շուրջ 579 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետների, համայնքապետերի, քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց օրենքի նշված դրույթի վրա` հորդորելով օգտվել ընձեռված հնարավորությունից` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ արտոնությունների ժամկետը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը:

Նա միաժամանակ անբավարար համարեց օրենքի կիրարկման գործընթացը հողի հարկի մասով Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, գույքահարկի մասով` Լոռիի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Արմեն Գևորգյանն ընդգծեց, որ այս քայլով հնարավորություն է տրվում մի կողմից գումարներ մուտքագրել համայնքային բյուջեներ, մյուս կողմից` քաղաքացիներին ազատել հետագա պարտքերի կուտակումից: