20 նոյեմբերի 2012 - 17:14 AMT
Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվում են. մինչև տարեվերջ կարող է սկսվել օրակարգի քննարկումը

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե ավարտում են բանակցությունները Ասոցացման համաձայնագրի շուրջ և մինչև տարեվերջ հնարավոր է կողմերն անցեն օրակարգի քննարկմանը: Այս մասին տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը «ԵՄ-Հայաստան ինտեգրում. պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձևավորում» թեմայով սեմինարի ժամանակ: «Վերջին երեք տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն խուլերի երկխուսություն են ունեցել, այժմ այն վերածվել է իրական երկխոսության»,- նկատեց փոխդեսպանը: Օննո Սիմոնսը նաև տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները շատ հաճախ կախված են այն բանից, թե որքանով են երկրներն ի վիճակի սահմանելու իրենց շահերը: «Այս նպատակով անհրաժեշտ է հասնել համարժեք քաղաքականության ապահովմանը երկրի ներսում և գնահատել, թե որն է երկրի իրական պահանջը: Նման և այլ հիմանական ռազմավարական ուղեցույցներ է տրամադրում ԵՄ-ն»,- նկատեց նա: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում կարևորեց նման քննարկումների անցկացումը: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները թևակոխել են շատ ավելի վճռական և կարևոր փուլ: Վերջին տարիներին Հայաստանն այս հարաբերություններում լուրջ առաջընթաց է արձանագրել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հավելենք, որ սեմինարի նպատակն է Արևելյան գործընկերության և Ասոցացման համաձայնագրի շրջանակներում համագործակցության և համակարգման գործընթացի հզորացման համար տրամադրել ուղենիշներ ԱԺ-ի, կառավարության, նախագահի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Մասնակիցները քննարկեցին ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձը, անդրադարձան Հայաստանում պետական կառույցների միջև համագործակցության ապահովման մեխանիզմների և մեթոդների մշակմանը և ձևավորմանը: