21 նոյեմբերի 2012 - 11:27 AMT
Երևանում ԱՄԷ դեսպանություն կհիմնվի

Նոյեմբերի 20-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։ Աբու Դաբիում կայացան Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Երկուստեք կարևորվեց Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Ալ Նահայանը անդրադարձան միջազգային հարթակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների սատարման հարցերին։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։