Գալուստ Սահակյանը տապալված արտահերթ նիստի մասին. ՀԱԿ-ը հաշվի չէր առել, որ պատգամավորները գործուղումների են մեկնել

Գալուստ Սահակյանը տապալված արտահերթ նիստի մասին. ՀԱԿ-ը հաշվի չէր առել, որ պատգամավորները  գործուղումների են մեկնել

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստ էր հրավիրել ՝ առանց հաշվի առնելու, որ շատ պատգամավորներ գործուղումների են մեկնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ քվորումի բացակայությունը: «Նրանք 48 ստորագրություն էին հավաքել, սակայն ընդամենը 44 պատգամավոր էր գրանցվել, իսկ դահլիճում ներկաների թիվը 38-39 մարդ էր: Դրանով խախտվում էր Սահմանադրությունը: Քաղաքական այս հնարքները Հայ ազգային կոնգրեսին չեն օգնի հարություն առնել:

Մենք պագամավոր ենք, ոչ թե վիրաբույժ, որպեսզի դեղատոմս գրենք: Նրանք փորձում են հարություն առնել մեր օգնությամբ», - ասել է Գալուստ Սահակյանը: Նա նաև նշել է, որ արտահերթ նիստ հրավիրելու սցենարը նպատակ է հետապնդում ցույց տալու, որ իշխանության ընդդիմադիրներն աշխուժացել են: «Գրանցվելը կամ չգրանցվելը յուրաքանչյուր պատգամավորի գործն է, դա ԱԺ կանոնադրության և Սահմանադրության պահանջ է: Պատգամավորը պատասխանատվություն է կրում, եթե բացակայում է նիստերի կեսից: Բացի այդ, մենք քանիցս նշել էինք, որ չենք մասնակցի այդ նիստին: Մենք մեր գործն ենք անում, որն ուղղված չէ ոչ մեկի դեմ »,- նկատել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 Ուշագրավ
---