Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ:
Տոմաս Դուբը Երևան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջև, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները ևս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր և արդյունավետ հնարավորություններ:
«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասաց Տոմաս Դուբը՝ կարևորելով երկու երկրների միջև ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր և կարևոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում: Արտակ Զաքարյանը փաստեց, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարևանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը:
Չեխ պաշտոնյան խոսեց դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը: Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել և արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: