21 նոյեմբերի 2012 - 23:49 AMT
Youtube-ում տեղադրված տեսանյութի հետևանքով ՃՈ աշխատակիցներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ խախտումներ են թույլ տվել. արդյունքում նշանակվել էր ծառայողական քննություն, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դրա հետևանքով` ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Youtube-ում տեղադրված ճանապարհային ոստիկանների համար ճակատագրական դարձած տեսանյութի հեղինակը Դանիել Իոանիսյանն է: Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության մեքենան խախտում ճանապարհային երթևեկության կանոնները: