22 նոյեմբերի 2012 - 16:10 AMT
Ոստիկանության պատասխանը գորածարար Էդմոնդ Խուդյանին. Մատնանշված փաստերը քննության փուլում են

Հայաստանում իր հետ տեղի ունեցած խոշոր թալանի մանրամասները բացահայտելու համար ամենատարբեր պետական ատյանների աջակցությանը դիմող ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ նամակ էր ուղղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Թեմայի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության հարցմանն ի պատասխան նշել է հետևյալը. «Էդմոն Խուդյանի նամակում նշված՝ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարհաբեկ Քալանթարի և Արտաշես Խաչատրյանի միջև տեղի ունեցած «միջադեպի» վերաբերյալ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 13.11.2012 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածով եւ 137 հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը շարունակվում է: Նամակագրի նշած «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի «թալանի» հետ կապված գործը գտնվում է ՊԵԿ նախաքննական վարույթում, և ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որևէ լիազորություն չունի:

Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռևս ընթացքի մեջ է»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: