22 նոյեմբերի 2012 - 16:13 AMT
Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրում են խոշոր չափի գումար յուրացնելու մեջ

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2006թ. մայիսին ԲԲ ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի մասնաշենքերից մեկը որպես ամբուլատորիա վերանորոգելու պատրվակով 4.2 մլն. դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման պայմանագիր են կնքել: Համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել նշված գումարը և փոխանցել հիշյալ ընկերության հաշվեհամարին:

Նախապատրաստված նյութերի համաձայն` որևէ աշխատանք չկատարելով, պաշտոնեական կեղծիքի եղանակով ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը կազմել են աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրություն, իսկ կանխիկացված առանձնապես խոշոր չափերի 4.2 մլն. դրամը` յուրացրել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: