Հովիկ Աբրահամյան. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունեությանը

Հովիկ Աբրահամյան. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունեությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցության ամրապնդման գործում կարևորեց իր պաշտոնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը և զարգացումը, կարևորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում Նարիշկինը կարևոր համարեց ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երևանում: Նրա համոզմամբ` հանձնաժողովի աշխատանքը էապես նպաստում է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ՀԱՊԿ Միավորված շտաբի և ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետություննեի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-ռուսական կապերը ակտիվ զարգանում են, ինչին նպաստեց նաև Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունևությանը: Կազմակերպությունը, նրա խոսքով, կայացած ռազմաքաղաքական կառույց է և հետխորհրդային տարածքում կայունության պահպանման կարևոր գործոն: Նրա համոզմամբ՝ բավականին արդյունավետ է նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահի կարծիքով` որպես ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպության կանոնադիր մարմինների փոխգործակցության արդյունավետ օրինակ կարելի նաև համարել ՀԱՊԿ Միավորված շտաբի և պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների երևանյան նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը առնչվող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---