Լարիսա Ալավերդյան. Լղոզված է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դաշտը

Լարիսա Ալավերդյան. Լղոզված է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դաշտը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտը ճգնաժամ է ապրում: ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը համարում է, որ լղոզված է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դաշտը: Նախկին պատգամավորը ստեղծված իրավիճակը պայմանավորում է մի քանի հանգամանքներով: «Այսօր «ընդդիմություն» եզրույթն անգամ պարզ չէ: Այլ ուժեր ու լրատվամիջոցներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անվանում են ընդդիմադիր, իսկ այդ կուսակցությունն իրեն այլընտրանքային է հռչակել: Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ իրենց արմատական ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը բանակցում են մինչ այսօր իրեն ընդդիմություն չհայտարարած քաղաքական ուժի հետ: Չեմ ասում, որ այդ նույն քաղաքական ուժը (ԲՀԿ) վերջին տարիներին եղել է իշխանությունում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտը հայտնվել է մարգինալ վիճակում:

Միևնույն ժամանակ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ իշխանական դաշտն ավելի լավ վիճակում չէ: Իշխանական դաշտը կարծես ինքն էլ չգիտի, թե իր վերահսկողությունն ու կառավարումը երկրի որ հատվածի վրա է լիարժեք տարածվում: Անորոշությունը և անհստակ դիրքորոշումն ամբողջ քաղաքական դաշտում է առկա: «Բոլորը պատրաստ են համագործակցել բոլորի հետ, իսկ սա հասարակության մեջ ավելի մեծ անվստահություն է ծնում»,- ասաց նախկին պատգամավորը: Նա նկատեց, որ պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում ակտիվանում են քաղաքացիական նախաձեռնությունները:

 Ուշագրավ
---