27 նոյեմբերի 2012 - 18:10 AMT
Հաստատվել են ճշգրիտ ճարտարագիտության և գինեգործության ոլորտի գործողությունների ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել դեղագործության և բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքին: Ներկայացվել է ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային ռազմավարությունների և վերջիններիս իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:

Քննարկվել և հաստատվել են նաև Ճշգրիտ ճարտարագիտության 2012-2015թթ. գործողությունների և գինեգործության ոլորտի 2012-2020թթ. ռազմավարության և 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը:

Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների և գինեգործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի գինեգործների միության, արտադրող ընկերությունների, գիտակրթական, կրթական և հետազոտական հաստատությունների ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ճարտարագիտության ոլորտի՝ արտադրող ընկերությունների, գիտակրթական և կրթական, հետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների միությունների միջև:

Հուշագրերի նպատակն է՝ նպաստել վերը նշված ոլորտների երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ցանկանալով ընդլայնել պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գինեգործության և ճարտարագիտության զարգացման ռազմավարությունների ներքո: Կողմերը համատեղ միջոցառումներում հնարավորինս պետք է կիրառեն պետության և մասնավոր հատվածի կողմից համաֆինանսավորման սկզբունքը, համակարգեն նախաձեռնությունները՝ միջոցների նպատակային օգտագործումը և արդյունավետությունն ապահովելու համար:

Պետություն-մասնավոր համագործակցությամբ ակնկալվում է միջազգային շուկաներում մրցունակ գինիների արտադրության համար խաղողի այգետարածքների ընդլայնում, արտադրության և արտահանման ծավալների կայուն աճի ապահովում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովում, խաղողի բերքի գնման պայմանագրային հարաբերությունների ընդլայնում, ժամանակակից ագրոտեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրում, բարձրորակ կադրային ներուժի ապահովում:

Ճշգրիտ ճարտարագիտության բնագավառում նախատեսվում է արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, նորարարական սկսնակ ընկերությունների թվաքանակի աճ, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում, պետական պատվերների տեղական արտադրողների կողմից իրականացման ծավալների ընդլայնում և այլն: