27 նոյեմբերի 2012 - 18:31 AMT
«Հայաստանի ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում դուրս մնացած որոշ մասնակիցներ կվերադառնան

Դեկտեմբերի 8-ին` ժամը 22:00-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի «Կույր լսումներ» փուլի 6-րդ թողարկումը: Այս թողարկման ընթացքում հիմնական «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած որոշ մասնակիցների կներկայացվի «Հայաստանի ձայնը» նախագծի անսպասելի անակնկալը, տեղեկացնում է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Ըստ The Voice միջազգային ձևաչափի ուղեցույցի` նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ» փուլում ձևաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու Wild card-ի իրավունքից: Wild card-ը կարող է կիրառվել միայն «Կույր լսումներ» փուլի ավարտից հետո: Այն եզակի հնարավորություն է նախագիծ վերադարձնել մրցույթից դուրս մնացած տաղանդավոր մասնակիցներից մի քանիսին:

Համաձայն The Voice ձևաչափի կանոնների` Wild card-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական պրոդյուսերը` Հայկոն, «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որից, համաձայն շոուի կանոնների, կրկին «կույր լսումների» միջոցով մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին:

«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչները ընտրությունը կրկին կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ձայնը: Սակայն Wild card-ի իրավունքի կիրառման դեպքում «Կույր լսումների» ընթացակարգը մի փոքր այլ է, և լսումները անցկացվում են այլ ձևաչափով ու կանոններով:«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչները՝ լսելով 8 մասնակիցներին, առանց ելույթի մեկնաբանություններ տալու և պտտվելու, կարգային սանդղակով նշում են իրենց համար նախընտրելի 4 մասնակիցներին: Երբ բոլոր մասնակիցներն արդեն ելույթ են ունեցել, սկսվում են մարզիչների խորհրդակցությունները: Մարզիչները միմյանց հետ քննարկումների արդյունքում գալիս են ընդհանուր որոշման, թե որ մասնակիցը, որ մարզչի թիմից է լինելու:

«Կույր լսումներ» փուլի և Wild card-ի արդյունքում «Մենամարտ» փուլ անցնում են 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: «Կույր լսումներ» փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD –ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14: