28 նոյեմբերի 2012 - 17:01 AMT
Կիրո Մանոյան. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման ուշացումը պայմանավորված չէ Ադրբեջանի կեցվածքով

Ստեփանակերտի օդանավակայանի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքում, ըստ էության, փոփոխություն չկա: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ այս այցի ընթացքում արած հայտարարությունը, հիմնականում, չի տարբերվում հուլիսյան այցից հետո արած հայտարարությունից: «Հուլիսին նրանք ասում էին, որ կողմերը համաձայնություն հայտնեցին, որ քաղաքացիական թռիչքները թիրախ չեն լինելու, և մինչ այս պահը գոյություն ունեցող թռիչքների ռեժիմը շարունակվելու է: Մինսկի խմբի համանախագահները կողմերին հորդորում էին հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց է Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ հուլիսի հայտարարության մեջ կողմերի համաձայնության մասին էր խոսվում, բայց եթե այժմ Ադրբեջանը փոխել է իր կեցվածքը, նրանք այս անգամ որևէ համաձայնության մասին խոսել չէին կարող: Այն որ համանախագահները դարձյալ խոսում են խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու մասին, վկայում է, որ նրանք կողմ չեն Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին: «Թռիչքների ուշացումը ավելի շատ տեխնիկական հարց է և պայմանավորված չէ Ադրբեջանի կեցվածքով: Ադրբեջանի համար լավ կլինի, որ նա խնդիրներ չստեղծի»,- ասաց Կիրո Մանոյանը: