29 նոյեմբերի 2012 - 09:52 AMT
«Առավոտ». Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս

«Առավոտ»-ը գրում է. «Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանըսկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:

Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին»,- եզրափակում է թերթը: