29 նոյեմբերի 2012 - 18:10 AMT
Հայաստան են այցելել ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման պատասխանատուները

Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա էին ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման մենեջեր Էմիլի Շոն և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ, ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Հեյկե Ուլրիխը:

Միջոցառմանը մասնակցում էին աղջիկների մանկապատանեկան տարիքի 5 թիմեր: 2 թիմով ներկայացված էր Երևանը, մեկական թիմերով` Արթիկը, Էջմիածինը և Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղը:

«Միջոցառումը կազմակերպել ենք ՈՒԵՖԱ-ից ժամանած մեր հյուրերի համար: Նրանք եկել են տեսնելու, թե ինչպես է ընթանում կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում: Կցանկանայի նշել, որ կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում նոր աճ է սկսել ապրել: Մինչ այդ ունեցել ենք մինչև 17, 19 տարեկանների և ազգային հավաքականներ, որոնցից հրաժարվել ենք և որոնք այս տարի չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին, քանի որ որոշեցինք, որ ավելի ճիշտ է կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում սկսել ավելի փոքր տարիքի խմբերից»,- ասել է ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ, «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանը: