29 նոյեմբերի 2012 - 18:15 AMT
Նոյեմբերի 30-ին կհրապարակվի Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը

Նոյեմբերի 30-ին` ժամը 11:30-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը: Դատավճիռը հրապարակվելու է դռնբաց, ցանկացողները կարող են մասնակցել: Դատավճռի հրապարակմանը մասնակցելու է նաև «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: