Դավիթ Սարգսյան. Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթեր առաքելը տևում է մեկ րոպե

Դավիթ Սարգսյան. Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթեր առաքելը տևում է մեկ րոպե

PanARMENIAN.Net - Հայաստանում 4 տարվա ընթացքում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ: Այդ մասին հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը` անդրադառնալով էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012թթ. իրականացված բարեփոխումների արդյունքներին:

Մասնավորապես, նա նշեց, որ 4 տարվա ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակում բարեփոխումներ են իրականացվել էլեկտրոնային ստորագրության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի, հարկատու երեք համակարգի, բիզնեսը գրանցելու համար էլեկտրոնային ռեգիստրի, էլեկտրոնային աճուրդների, էլեկտրոնային ոստիկանության, էլեկտրոնային կադաստրի, վճարումների, առցանց բյուջեի, էլեկտրոնային լիցենզիաների, նույնականացման քարտերի ներդրման գործում և այլն: «Պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառության էլ-կառավարման համակարգը: Փաստաթղթերի 90% մշակվում է համակարգիչների միջոցով, իսկ 65%-ից ավելին փոխանակվում է էլեկտրոնային եղանակով, Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս»,- նշեց նա:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ յուրաքանչյուր տարի 10 հազարից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին, և յուրաքանչյուր տարի 20 հազարից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետևում են առցանց: «Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10% կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65% գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85% գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց:

Տրանսպորտային միջոցների գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրումը թույլ է տվել ավտոմեքենաների գրանցումը կատարել միջինը 24 րոպեում, իսկ վարորդական վկայականները տրամադրվում են առցաց բժշկական և ավտոդպրոցների տեղեկանքների, էլեկտրոնային թեստային տեսական քննության միջոցով: Գործարկվել են դատաիրավական «ԴատաԼեքս» տեղեկատվական և Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգերը, սկսվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը»,- հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---