Որքանո՞վ են թափանցիկ պաշտոնական կայքերը. Նախագահի կայքը շատ թերություններ ունի

Որքանո՞վ են թափանցիկ պաշտոնական կայքերը. Նախագահի կայքը շատ թերություններ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական մարմինների կայքերի մեծամասնությունն էապես բարելավվել է թե բովանդակային, թե տեխնիկական չափորոշիչներով, դրանցում նկատելիորեն բարձրացել է տեղեկատվության թափանցիկությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նաև հայտնեց, որ իրենք 2012 թվականին երկու փուլով հետազոտություն են անցկացրել. առաջինը փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, իսկ երկրոդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Երկրորդ փուլում ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք, որոնք բաժանվել են 3 խմբի՝ նախարարությունների և գերատեսչությունների կայքերը, 10 մարզերի կայքերը և ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության, ՍԴ, Դատախազության, Երևանի քաղաքապետարանի ու ՄԻՊ պաշտոնական կայքերը:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այս կայքերի մեծամասնությունը զգալիորեն բարելավվել է: « Նախարարությունների, կառավարությանն առընթեր և այլ պետական մարմինների 35 կայքերից 25-ի ցուցանիշը բարելավվել է, հինգինը մնացել է գրեթե նույնը, իսկ չորսինը՝ զգալիորեն վատթարացել»,- ասաց նա: Նա նաև ասաց, որ ամենամեծ առաջընթացն ունեցել է տարածքային կառավարման նախարարության կայքը, ապա արդարադատության նախարարության և միգրացիոն պետական ծառայության կայքերը: Առաջին երկուսը հասել են 60 տոկոս թափանցիկության, ինչը, ըստ Աշոտ Մելիքյանի, ամենաբարձր ցուցանիշն է:

Ամենավատթար վիճակում է ՀՌԱՀ-ի կայքը: «Այստեղ նույնիսկ այն տեղեկությունն է բացակայում, որը պարտադիր է: Ֆորմալ մոտեցում է, այնքան, որ կայք ունենան»,- նկատեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Ըստ հետազոտության՝ մարզպետարանների կայքերից ամենալավ վիճակում Սյունիքի մարզինն է: Մեղմ ասած, լավ վիճակում չէ նաև ՀՀ նախագահի կայքը: Աշոտ Մելիքյանի խոսքով, այն շատ թերություններ ունի: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ բարելավվել են Դատախազության ու ԱԺ կայքերը:

Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը կամ բացակայությունը, ամբողջականությունը, հրատապությունը և մատչելիությունը: Ինչպես հայտնեց Աշոտ Մելիքյանը, կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը տեխնիկական:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---