«Պարզ լճի» տարածքն այլանդակել են

«Պարզ լճի» տարածքն այլանդակել են

PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաև Հանրային Խորհուրդ և մեր նախաձեռնությանը: Նա մեզ տրամադրել է դեռևս 2012թ. օգոստոսին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում իր կողմից կատարված լուսանկարները, որոնք նրա կողմից դեռևս երեք ամիս առաջ ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ոլորտի աշխատակիցներին: Այս լուսանկարներում երևում են բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի հետ անհամատեղելի աշխատանքները, ինչի հետևանքով էական վնաս են հասցվում և արդեն իսկ հասցրել են շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները:

«Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները:

Այս խնդրի վերաբերյալ մեր նախաձեռնությունը այսօր հարցումով դիմել է բնապահպանության նախարարին համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---