ՊՆ-ն պարզաբանում է զինծառայող Ա. Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տարածված լուրերը

ՊՆ-ն պարզաբանում է զինծառայող Ա. Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տարածված լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում: Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով հետագա բուժումը կազմակերպելու նպատակով Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ տնօրինությունը պաշտոնապես դիմել է ՌԴ ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի, ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության կենտրոններին և ք.Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցին, որոնք զբաղվում են այս հիվանդության բուժման հարցերով: Միաժամանակ, ոսկրածուծի դոնորների ռեգիստրի կողմից, որպես ոսկրածուծի դոնոր հետազոտվել է հիվանդի քույրը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ունի անհամատեղելիություն հիվանդի հետ ու չի կարող հանդիսանալ որպես դոնոր: ՌԴ ք.Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա.Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում, որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի և հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ: Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ-ի կողմից 31.10.2012թ. տրված կարծիքի համաձայն նշված բուժումը խիստ ծանր է և իր մեջ պարունակում է հետագա ծանր բարդությունների մեծ վտանգ և ցանկալի է բուժումը կազմակերպել ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնում: Զինվորին ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլագիայի կենտրոն տեղափոխելուց հետո բժիշկների կողմից ձեռնարկվել են հիվանդության դեմ ժամանակակից բժշկությանը հայտնի հնարավոր բոլոր միջոցները՝ Արթուրի կյանքը փրկելու համար: Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով: Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորի բուժման ընթացքի և մահվան հանքամանքների վերաբերյալ արված հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել: Արթուր Քոչարյանի պատշաճ բուժման պրոցեսը իրականացվել է առանց որևէ մեկի արձագանքը հաշվի առնելու, բժշկական կանոնների համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ փաստաթղթային հիմանվորումներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արթուր Քոչարյանի հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ և հայտնում է իր զորակցությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը հիվանդացել էր սեպտեմբերի 27-ին՝ Նուբարաշենի զորամասում: Նրան տեղափոխել էին ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով: Զինվորի հարազատները պնդում են, որ սկզբում նրան ուշադություն չեն դարձրել և հետո, երբ բարդություններ են առաջացել, նոր տեղափոխել են հիվանդանոց: Երևանում ասել էին, որ չեն կարող բուժել Արթուրի հիվանդությունը, և նրան տեղափոխեցին Մոսկվա: Պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխանցել զինծառայողի բուժման համար անհրաժեշտ գումարը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---