1 հունիսի 2005 - 08:59 AMT
ԲԱՔՈՒՆ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵԽԽՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեկ Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդաի Խորհրդարնական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի կազմն ընդլայնելու մասին: Ենթակոմիտեի կազմում կընդգրկվեն ԵԽԽՎ-ում ներկայացված Հայաստանի եւ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր եւ ադրբեջանական խոմբի ներկայացուցիչ Ասիմ Մոլազադեն, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը: Նրա խոսքերով, երեկվա նիստում հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: «Նա խիստ քննադատության ենթարկեց Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պասիվության համար»,-պատմում է Մոլազադեն: Մասնավորապես, Սեիդովը ադրբեջանական կողմի դժգոհությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գծով ԵԽԽՎ բանաձեւի իրականացման ընթացքով: «Նա ընդգծել է, որ անցել է կես տարի բանաձեւի ընդունման օրից, սակայն մինչ այժմ իրական քայլեր չեն ձեռնարկվել փաստաթղթի իրականացման համար»,-տարակուսում են ադրբեջանցի խորհրդարանականները: Բացի այդ, ըստ Մոլազադեի, քննարկումների ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը առաջարկել է ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի նիստը անցկացնել Բաքվում, այն ընթացքում, երբ Ադրբեջանում կանցնի ԵԽԽՎ Փախստականների գծով կոմիտեի եւ դիտարկման կոմիտեի նիստը (2005 թվականի հուլիսի 4-5): Ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը դրական է ընդունվել,-նշում է խորհրդարանականը:-Բոլորը համաձայնվեցին, որ այդ հարցին նվիրված նիստը պետք է կայանա հենց տարածաշրջանում»: Բացի այդ, ելույթ ունենալով Քաղաքական կոմիտեի երեկվա նիստում, Մոլազադեն իր դժգոհությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գծով կոմիտեի ձեւավորման սկզբունքով: «Տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի սկզբունքների ակնհայտ խախտում, չգիտես ինչու ստեղծվող կառույցի մեջ Հայաստանից եւ Ադրբեջանից ընդգրկվում են միայն իշխող կուսակցության ներկայացուցիչներ»,-վրդովվում է Մոլազադեն: Իր խոսքերով, ադրբեջանական պատգամավորի դիտողությունը աջակցություն է գտել եվրոպացի խորհրդարանականների շրջանում: «Բոլորը համաձայնվեցին, որ հարցն ունի համազգային բնույթ»,-բացատրում է Մոլազադեն: Այդ առնչությամբ խորհրդարանականը ընդգծում է, որ վերջնականապես Ղարաբաղի գծով կոմիտեի կազմը կհաստատվի հունիսի վերջին վեհաժողովի նստաշրջանի ժամանակ: Այն ժամանակ էլ, ըստ Մոլազադեի, որոշում կկայացվի խմբի ընդլայնման մասին: