3 հունիսի 2005 - 08:46 AMT
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Հայաստան-Մակեդոնիա հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստները հիմնական գործը լինելու է ճնշում գործադրելը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը: Նրա խոսքերով, հնարավոր է, որ Հայաստանի հավաքականը կարողանա 1 կամ 3 միավոր հավաքել Մակեդոնիայի եւ Ռումինիայի հետ խաղերում: Ինչպես նշել է գլխավոր մարզիչը, հայ ֆուտբոլիստները կխաղան 3-5-2 սխեմայով: Մեկնաբանելով Մակեդոնիայի հավաքականի հետ նախորդ հանդիպումը, նա նշել է, որ հայ ֆուտբոլիստները 3 գոլ են բաց թողել եւ խաղը վերջացել է 0:3 հաշվով այն պատճառով, որ հայ ֆուտբոլիստների մարտավարության մեջ բացակայում էր պրեսինգը: Ինչպես նշել է Վիսմանը, երբ Հայաստանի հավաքականը գնդակ էր կորցնում, չէր կարողանում անցում կատարել պաշտպանությանը եւ հակագրոհ կազմակերպել հնարավորության դեպքում: Ըստ Վիսմանի, նա հաճախ է շփվում Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի մազիչ Վան Բաստենի հետ: Նրա խոսքերով, Վան Բաստենը տվել է Մակեդոնիայի հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերի լրիվ վերլուծությունը, որի հիման վրա էլ ինքն եզրակացրել է, որ Մակեդոնիան կընտրի պաշտպանական մարտավարություն: Այդ կապակցությամբ նա նշել է, որ նրանց ամենաուժեղ խաղացողը Գորան Պանդեւն է, որի պատճառով Հայաստանի հավաքականը պետք է զգոն լինի: Այն հարցին, թե կխաղա արդյոք Հայաստանի հավաքականը տոտալ ֆուտբոլ, ինչն բնորոշ է հոլանդացիներին, Վիսմանը նշել է.«Դրա մասին դեռ վաղ է խոսել: Անհնար է հասնել դրան մեկ շաբաթվա ընթացքում: Դրա համար կպահանջվի 1-2 տարի»: Ըստ Վիսմանի, արդեն որոշվել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը, որի մեջ չկա Էդգար Մանուչարյանը: